Կաղնին իր վերջին պարն է պարում մեն-մի համոզմամբ, որ․․․ արմատները նոր ծիլ են տալու․․․Այն խոլ կատարին հին արմատներով մի նոր շանթարգել կաղնի է պարելու…
Գագիկ Գինոսյան
Հայկական ազգագրական պարի, «Կարին» ավանդական երգ ու պարի հիմնադիր, Հերոս, մահապարտների ջոկատի անդամ, պայքարող և երբեք չնահանջող հոգի, Հայրենասեր՝ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ։ Մարդ, որը սովորեցրեց ինչպես գնալ դեպի ինքնաճանաչողություն, ինչպես ճիշտ սիրել հայրենիքը, ինչպես լինել իսկական հայ․ «Հայրենիքները կայանում են կայացած մարդկանցով, մարդկանցով, ովքեր ոչ միայն Հայրենիքին, այլև աշխարհին տալիք, առավել ևս՝ ասելիք ունեն։ ․․․ Անառիկ դարձնենք մեր Հայրենյաց Տաճար-Ամրոցն ու հարատևեցնենք»։
Փոքր քայլերով, քիչ համախոհներով, սակայն հստակ գաղափարով Նա սկսեց իր ճանապարհը, շարժվեց առաջ՝ այնքան առաջ, որ այդ չարաբաստիկ օրվա հանկարծամահ լինելու գույժը ցնցեց ողջ աշխարհի հայությանը․․․
Երանի մղձավանջ լիներ․․․
Սույն թվականի, փետրվարի 6-ին, Նա տվեց իր վերջին կռիվը և բռնեց անմահության ճանապարհը՝ թողնելով մեզ խորը ցավի, անորոշության և դատարկության մեջ։ Ռումինիայի Հայոց Միության «Վարդավառ» պարախումբը գլխավորությամբ Բելա Մարտիկյանի իր խորին ցավակցությունն է հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլորի հետ միասին կիսում այս անտանելի ցավը։ Սա մեծ, շատ մեծ կորուստ է հայ ազգի համար․․․ Պատիվ ենք ունեցել ճանաչել Գագիկ Գինոսյանին, ապրել իր հետ նույն ժամանակաշրջանում, պարի դասընթացներից զատ հնարավորություն ենք ունեցել իմանալու իրեն որպես անհատ, լսել պատմություններ, իր և «Կարինի» հետ կիսել հաց, հերթական հաջողված համերգից հետո բարձրացնել բաժակ…
Քանի՜ տարի առաջ էր. անում էինք մեր առաջին քայլերը հայկական ազգագրական պարում։ Շնորհիվ մեր պարուսույցի՝ կարողացանք հանդիպել Պարոն Գինոսյանին և անգամ պարել՝ ցույց տալով մեր առաջին քայլերը։ Հիշում եմ հայացքը, որով նայում էր, հիշում եմ դիտողությունները, որոնց հետևում էին Նրա տրամաբանական բացատրությունները։ Դիտողություններն այնքա՜ն դիպուկ էին և հստակ, հայացքից անգամ երևում էր, որ մենք դեռ շատ մշակման կարիք ունենք։ Ասաց, որ պարը փորձում ենք գեղեցկացնել՝ ավելացնելով ավելորդ շարժումներ, մինչդեռ պարը միջոց է, որով մեր նախնիներն արտահայտել են իրենց զգացմունքները և շարժումներն ուղղորդել ֆիզիկայի օրենքներին համաձայն։ Նա ցույց տվեց պարի պարզությունն ու միաժամանակ վեհությունը, ցույց տվեց, թե ինչպես պարը կարող է լինել բնորոշում մի ամբողջ ազգի, ինչպես կարելի է հասկանալ մեր պատմությունը՝ ընդամենը պարելով, բացեց գաղտնիքները և դռները՝ դեպի ինքնաճանաչում և դեպի ազգայինը տանող։ Սովորեցրեց պարի ծանրությունն ու լրջությունը, սովորեցրեց պարել հոգով, ամեն մի շարժման մեջ պարել մեր լեռների, մեր ոգու և նախնիների հետ։
Այդ առաջին հանդիպումը սկիզբն էր մի մեծ պատմության և հանդիպումների։ Բուխարեստի «Հայկական փողոց» փառատոնը անհնար էր պատկերացնել առանց Պարոն Գինոսյանի և իր «Կարին» խմբի։
Երկրորդ հանդիպման ժամանակ հնչեց մի արտահայտություն՝ «բավականին առաջ եք գնացել». այս խոսքերից ավելի ուրախալի բան չէր կարող լինել։
Պարոն Գինոսյանի ամեն մի խոսքը խրատ ու պատգամ էր, որոնցում Գարեգին Նժդեհն էր, Հայրիկ Մուրադյանն էր, Կոստան Զարյանը, Կոմիտասը, Սևակը, Սրբուհի Լիսիցյանը և շատ ու շատ անվանի հայեր։
Դժվար է․․․ Դժվարանում եմ մտքերս հավաքել և փորձել խոսել Պարոն Գինոսյանի մասին ․․․ Դժվար է, երբ ամեն մի մտքից կոկորդդ սեղմվում է, և աչքերիդ կոպերն անզոր են արցունքներդ պահել․․․
Նրա մասին կարելի է անվերջ խոսել, քանի որ անչափելի է Նրա ամեն մի խոսքը, գործը, և թե ինչ տվեց մեզ Նա՝ երիտասարդությանը և ոչ միայն։ Ինչպես համախմբեց հայերին և ցույց տվեց մեր ուժը միասնականության մեջ, երբ մեզ այնքա՛ն ցանկանում են բաժանել և տրոհել։
Գագիկ Գինոսյանին հրաժեշտ էին տալիս բոլորը աշխարհի տարբեր անկյուններից։ Դա ծանր, անհավատալի, ստիպողական հրաժեշտ էր․․․ Ավա՜ղ, կյանքի դեմ անզոր ենք։ Հրաժեշտի վերջին հնչեց կարգախոսը՝ «Հիրուր Խե՛դ», ու ևս մեկ անգամ դաշույնի հարվածով խոցվեցին մեր սրտերը…
Պարապետին, Առաջնորդին, Ուսուցչին ճանապարհում էին ծափերով, պարով, ճանապարհեցին այնպես, ինչպես վայել էր իր նման Մեծությանը․․․ Զարկում էին կոպալները, բայց տխուր, այս անգամ ցավի միջից մի կերպ պայքարելով, որ ձայն տան․․․ Յարխուշտա՝ իմ ռազմի ընկեր․․․ Պարեցին Յարխուշտա, և այն Պարոն Գինոսյանի վերջին պարն էր կռիվ գնալուց առաջ, վերջին պայքարն էր երկրային։ Պարում էին տղերքը՝ ձեռքերը լի ծանրությամբ հարվածում էին անարդարությանը, հարվածում ուժեղ, դրանք այն հարվածներն էին, որոնք այս անգամ լցված էին անզորությամբ․․․ Հայը լացում էր, հայը սգում էր, հայը ․․․
Ծափեր մինչև Եռաբլուր․․․ Տերունական աղոթք․․․ Հայր Մերը հնչեց միաբերան, գրկեց ամբողջ բլուրը և բացեց Երկնային Արքայության դռները․․․ Եվս մեկ Յարխուշտա․․․ Եվս մեկ պայքար։ Տղերքը` աչքերը կարմիր, նվագը ՝ասես նույնը, բայց այնքան ուրիշ․․․
Հանգավ Մեծ Հայը, հանգավ Հերոսը, նրա հոգին ճախրեց երկնքում․․․ Նա ննջեց Եռաբլուրում, մեր տղերքի կողքին, գնաց լինելու իրենց Հրամանատարը, իրենց Առաջնորդն ու Ընկերը, գնաց ասելու «Ողջու՜յն Տղե՛րք»․․․
Հիշում եմ, ինչպես մի օր պարոն Գինոսյանը պատմեց ինձ սերմերի և սերմնացանների մասին. եթե ալարես, չհամբերես ու մակերեսորեն ցանես սերմերը և չհետևես, քամին կփչի ու սերմերը կտանի, դրան հակառակ՝ եթե հողը վարես, սերմերը ցանես և հետևես, նրանք արմատներ կտան, ծիլ կտան և յուրաքանչյուր սերմ մի մեծ ծառ կդառնա․․․
Գագիկ Գինոսյանը յուրաքանչյուրիս մեջ ցանեց իր սերմերը, նա նայում էր մեզ և հասկանում, որ ուժ ունենք, կարող ենք, միայն թե մշակող չունենք՝ հողը բերրի է, բայց սերմ չկա։
Դուք ձեր սերմերը ցանեցիք մեր հոգու մեջ աշխարհի տարբեր անկյուններում, և այդ սերմերը անպատճառ ծիլ են տալու։ Իսկական հայի հոգում դուք կաք և կմնաք անմահ, կշարունակեք ապրել մեր մեջ և մեզնով…
«Կարինը» քայլում էր Ձեր հետևից, մենք քայլում էինք նրանց հետևից․․․
Այսօր էլ մենք կրկին շարունակելու ենք քայլել «Կարինի» հետևից, Ձեր ճանապարհով…
ՌՀՄ հովանավորությամբ «Վարդավառ» պարախմբի ղեկավար Բելա Մարտիկյանը և իր սաներից Ինեսա Թումասյանցը ներկա գտնվեցին Գագիկ Գինոսյանի վերջին հրաժեշտին․․․ որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը։
Նկարների մի մասը՝ «Festivalul Strada Armeneasca» ֆեյսբուքյան էջից