Մեկ օր տևած կյանքը

Արևի արդեն վերջին շողերն էին ջերմացնում քաղաքը։ Դա այն գեղեցիկ ակնթարթն էր, որում հանդիպում էին գիշերն ու ցերեկը։ Վրա էր հասնում մթնշաղը։ Իսկ հետո աստիճանաբար սկսեց գիշերանալ։ Վառվում էին քաղաքի լույսերը, սառում էր օդը, ամեն ինչ ծածկվում էր խորհրդավոր մթով։ Աշնանային հեքիաթային գիշերներից մեկն էր։ Օդում զգացվում էր նաև ցերեկը տեղացած անձրևի շունչը։ Հանկարծ պատուհանս թակեցին մի քանի կաթիլներ։ Դրանք այն կաթիլներն էին, որոնք, մյուս բոլոր կաթիլների հետ միասին դառնալով անձրև, ընկել էին ցած։ Սակայն այդ ժամանակ, երբ նրանք թակեցին պատուհանս, անձրևը արդեն դադարել էր։ Այդ մի քանի կաթիլները, նման երամից ուշացած կամ իրենց ուղղությունը կորցրած թռչունների, մնացել էին կես ճանապարհին։ Մնացել էին ծառերի դեռ ամբողջովին չչորացած տերևների վրա։ Արդյոք ուրա՞խ էին, որ մնացել են ծառի տերևների վրա՝ կես ճանապարհին։ Հասկանո՞ւմ էին նրանք, որ միևնույն է, գալու է ժամանակ, երբ իրենք արդեն տերևների հետ միասին ընկնելու են ցած՝գետին։ Սակայն մինչ քամու փչելը և կաթիլների թակելը իմ պատուհանը նրանք շարունակում էին մնալ տերևների գրկում։ Իրենց արդեն սկսել էին դուր գալ մերթընդմերթ ամպերի տակից երևացող շողերը, որոնք ոչ մի կերպ չէին վառում, չէին փորձում նրանց գոլորշիացնել, վնաս պատճառել, այլ միայն ջերմացնում էին՝ թեթևակի հպվելով, շոյում փայլող կաթիլներին։ Տերևներին, որոնք աշնան գալու հետ սկսել էին փոխել իրենց զգեստները՝ իրենց գունավորումը, դարձել էին դեղին, նարնջագույն, անգամ արդեն կարմիր, դուր էր գալիս իրենց գրկում պահել և փայփայել անպաշտպան փոքրիկ կաթիլներին։ Կաթիլներն էլ, իրենց հերթին գեղեցիկ գունավորում ստացած, տերևներին փայլ էին տալիս։ Միասին նրանք իրենց զգում էին երջանիկ, դա նման էր այն գեղեցիկ պահին, երբ թվում է, թե ոչինչ երբեք չի վերջանա։

Բայց… Բայց եկավ գիշերը։ Եկավ նաև ժամանակը հրաժեշտի։ Քամին սկսեց փչել ավելի ուժեղ։ Կաթիլները, որոնք այդքան անպաշտպան էին և անզոր՝ դիմակայելու քամուն, ընկան ցած։ Ցած ընկնելիս նրանք թակեցին իմ պատուհանը, ասես ցանկանում էին պատմել իրենց մեկ օրվա պատմությունը։ Ասես ցանկանում էին, որ գոնե մեկը իմանա իրենց և տերևների մի լուսաբացի և մայրամուտի մասին։ Թակում էին՝ հիշեցնելով կյանքի մասին… Դա էլ նրանց մեկ օրվա կյանքն էր։ Իսկ տերևնե՞րը։ Տերևները շարունակում էին դեռ մնալ ծառի վրա։ Միգուցե դեռ ժամանակը չէր։ Սակայն աշունը գնալով խորանում էր, երբ եկավ ժամանակը, տերևները նույնպես ընկան։ Ընկան և իրենց գույներով զարդարեցին քաղաքի փողոցներն ու արահետները՝ ասես գունազարդ մի գորգ…

Կյանքը, որը նման է այս պատմությանը, միգուցե և վերջանա այսպես , բայց քանի դեռ գրիչը ես պահում եմ իմ ձեռքում և քանի դեռ գոնե այս պատմության ավարտը կախված է ինձանից, այն այսպես չի վերջանա։

Հետո երբ կանցնի աշունն ու ձմեռը, կգա գարունը։ Օդը կլցվի գեղեցիկ և նուրբ գարնան շնչով ծառերը նորից կծաղկեն, իսկ կաթիլները արդեն արևի վառող շողերից գոլորշիացած նորից կիջնեն ցած։ Կաթիլներն ու տերևները նորից կհանդիպեն իրար ։ Եվ եթե նրանք իմանան,որ վերջը նորից անփոփոխ է և անխուսափելի ու նույն ավարտով,նրանք միևնույնն է կհանդիպեն իրար նորից քանի որ այդ մի օրը․․․ Այդ մի օրը և այդ մի պահն ու ակնթարթը, որը միակն էր և որում նրանք ուրախ էին անհոգ ու երջանիկ, փոխում էր ամեն ինչ։ Կաթիլները և տերևները․․․ Կաթիլները, որոնք թակելով իմ պատուհանը, պատմեցին ինձ իրենց պատմության մասին։

2 Comments Добавьте свой

  1. Roza:

    Հրաշալի և խորիմաստ պատմություն……

    Нравится 1 человек

    1. Շնորհակալ եմ։

      Нравится

Оставьте комментарий