Մարդկանց հոգու աստղերը

Արևը մայր էր մտել։ Խորհրդավոր մթնշաղ էր, որի ժամանակ սկսում էր երևալ Լուսինը։ Ավելի ուշ, երբ արդեն մթնել էր՝ երկինքը կապույտ էր։ Այն գեղեցիկ սև կապույտը, որի գրկում սկսեցին փայլել աստղերը։ Ավելի վերև, շատ ավելի վերև երկնքում կար մի Հեքիաթային Աստղ։ Նա փայլում էր ու շողում, իր շուրջը հավաքում մյուսներին, ուրախացնում, զրուցում նրանց հետ։ Գիշերները անցնում էին հետաքրքիր, լի պատմություններով, ավելի մեծ աստղերը անգամ պատմում էին ընկնող աստղերի մասին ու նաև մի փոքր էլ Երկիր մոլորակի մասին։ Բայց դրանք ընդամենը վարկածներ էին և իրենց ընկերական միջավայրում զրույցներ։ Երիտասարդ Հեքիաթային Աստղը, որի մեջ այդքան կրակ կար, նա գեղեցիկ էր՝ խորհրդավոր, երբեմն լինում էին նաև գիշերներ, որոնք անցկացնում էր կատարյալ մենակության մեջ։ Շողում էր երկնքում իր մտքերով թախծոտ։ Անցնում էին ամենատարբեր զգացմունքներով լի գիշերները։ Օրերից մի օր մթնշաղին, երբ լույսն ու խավարը հանդիպեցին իրար հերթական անգամ, նրանք կյանք տվեցին մի նոր Աստղի։ Այդ Աստղն ավելի նուրբ էր, եթերային, դեռ նոր էր սկսում լույս տալ և բացել իր աչքերը։ Գիշերեց․․․ Հերթով սկսեցին արթնանալ աստղերը։ Հեքիաթային Աստղը, աչքերը բացելով, անակնկալի եկավ՝ զգալով, իսկ հետո տեսնելով իր կողքին Նորաստեղծ Աստղին։ Բոլոր աստղերը արդեն հավաքվել էին՝ զրուցում էին, երբ իրենց միացավ Հեքիաթային Աստղը։ Իհարկե բոլորի ուշադրության կենտրոնում էր նոր բնակիչը, որը աչքերը բացելով՝ նայում էր իր շուրջը։ Նայում էր մի փոքր շփոթված, վախեցած, մոլորված ու անպաշտպան։ Այդ գիշեր նա ոչ-ինչ չխոսեց, դեռ նոր էր ընտելանում իր կյանքին ու բոլորին։ Սակայն Հեքիաթային Աստղը արդեն տարված էր նրանով, նա առաջին անգամ էր տեսնում նման քնքշությամբ լուսավորություն ունեցող աստղի։ Արդեն լուսանում էր, ու Հեքիաթային Աստղը անհամբեր էր, սպասում էր երբ նորից գիշեր կգա ու կտեսնի Նորաստեղծ Աստղին։ Միգուցե այս անգամ ստացվի նրա հետ խոսել։ Վերջապես եկավ գիշերը։ Այս անգամ, չնայած որ Նորաստեղծ Աստղը ամաչկոտ էր, միևնույն է որոշեց մոտենալ և խոսել։ Հեռվից մյուսների ընկերական միջավայրը այնքան ջերմ էր՝ լի սիրով։ Նա ծանոթացավ բոլորի հետ, մեծ աստղերից՝ ավելի տարիքով, իմացավ տիեզերքի, ընկնող աստղերի, Երկիր մոլորակի մասին և իհարկե այլ անչափ հետաքրքիր պատմություններ իրենց կյանքից։ Սակայն Հեքիաթային Աստղը լուռ էր, նա սովորականի պես այդքան էլ շատախոս չէր։ Կամաց-կամաց սկսում էր բացվել առավոտը։ Մտքում նա միևնույն է սպասում էր, երբ է կրկին գալու գիշերը, որ աչքերը բացելով, կրկին տեսնի իր կողքին Նորաստեղծ Աստղին։ Արդեն նրա կողքը դատարկ չէր, նա կարողանում էր, աչքերը բացելով, հիանալ իր կողքը ջերմացնող լույսով։ Իսկ Նորաստեղծ Աստղը արթնանում էր Հեքիաթային Աստղի վառ լույսից, չէ որ նրա մեջ այնքան կրակ կար։ Հիմա երբ Հեքիաթային Աստղը չէր մասնակցում ընկերական հավաքույթներին, ապա մենակ էլ չէր մնում, նրա կողքը ջերմ շողում ու ժպտում էր մի քնքուշ աստղիկ։ Գիշերները անցնում էին ամենաանկեղծ զրույցներով, իսկ առավոտները անհամբեր սպասումով կրկին գիշերը շողալու մեկը մյուսի համար։ Այս ամենից հետո արդեն բոլորը նկատել էին իրենց ջերմությունը, իսկ մեծերը այժմ պատմում էին լույսի ու խավարի կախարդական ուժի մասին և իհարկե այն մասին, որ ոչ-ինչ պատահական չի լինում, որ ոչ ոք պատահական չի ծնվում։

Անցնում էին օրերը․․․ Հանկարծ Հեքիաթային Աստղը նկատեց, որ նա սկսում է ժամանակ առ ժամանակ շարժվել։ Բայց ամենը թաքուն էր պահում Նորաստեղծ Աստղից։ Նա մեծ աստղերից գիտեր՝ լսել էր, որ շարժվող աստղերը ընկնում են ու հասնում՝ Երկիր մոլորակ։ Նորաստեղծ Աստղի աչքից անշուշտ ոչ-ինչ չէր վրիպում, նա նկատել էր Հեքիաթային Աստղի տագնապած հայացքը, նաև վախը աչքերում։ Այդ գիշերը երկուսի համար էլ անչափ երկար տևեց։ Նրանք զրուցում էին։ Հեքիաթային Աստղը խոստացավ, որ Երկրի վրա մի օր, մի շաբար, ամիս թեկուզ տարի՝ տարիներ սպասելու է իր Նորաստեղծ Աստղին։ Ի պատասխան Նորաստեղծ Աստղն ասաց, որ շատ չի թողնի նրան սպասել, նա էլ կընկնի ու կգնա իր հետևից։ Վաղ թե ուշ գիշերը անցնելու էր, ու ակամայից արևի հայտնվելուն պես երկուսն էլ քնեցին ու կորան։ Գիշերը Նորաստեղծ Աստղը աչքերը բացեց մթության մեջ․․․ Հեքիաթային Աստղը արդեն ընկել էր, այլևս այն կրակը՝ հզոր կրակը, որը միայն ջերմացնում էր իրեն և նայում հիացող աչքերով, այլևս չկար․․․

Հեքիաթային Աստղը, Երկիր մոլորակ իջնելով, դարձավ մի գեղեցիկ տղա, ում կրակը վառվում էր արդեն հոգու մեջ։ Ակամայից նա փնտրում էր իր Նորաստեղծ Աստղին։ Հեքիաթային Աստղի նման ամեն մարդ փնտրում է իր աստղին՝ ում հետ, որ եղել է երկնքում՝ նախքան ծնվելը։ Երկնքում էր մնացել նաև Նորաստեղծ Աստղը։ Հավատարիմ լինելով իր խոսքին, և ժամանակը իրեն՝ նա նույնպես ընկավ և իջավ Երկիր մոլորակ։ Ընկավ, և նրանք հանդիպեցին։ Անցնելով իրար կողքով, նայելով իրար աչքերի մեջ, զրուցելիս՝ իրենց հոգիներում ապրող Հեքիաթային Աստղն ու Նորաստեղծ Աստղն իրար ճանաչեցին։

Երևի պատճառն էլ հենց սա է, որ մենք հանդիպելով մարդկանց, կարծում ենք, զգում ենք ասես մի կյանք է ինչ գիտենք իրար․․․ Իսկ միգուցե իրոք մենք արդեն մի կյանք ապրել ենք իրար հետ՝ լինելով աստղ երկնքում․․․։    

Оставьте комментарий