Հովհաննես Թումանյան․ Քառյակներ

Քառյակը, չորս տողից բաղկացած բանաստեղծություն է։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։ Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից։ Նոր ժամանակներում նշանավոր են Հովհաննես Թումանյանի քառյակները։ Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։

Հովհաննես Թումանյանը քառյակի մասին ասել է․«Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են»։

Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում,                                                                                      Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ինչքա՜ն է դեռ մնում,—                                                                                Զարմանում եմ, թէ` ո՜վ Շըռայլ, ինչքա՜ն շատ ես տվել ինձ,                                                                           Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից։

Ըստ իս, Թումանյանը այս քառյակում գրում է հենց Աստծու սիրո մասին։ Ինչքան շատ է Տերը տվել մեզ, և ինչքան շատ դեռ մենք պետք է տանք իրեն։

Աստծու բանտն են տաճարները — աշխարհքներում բովանդակ.                                                                            Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ։                                                                                   Հարկավ` ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,                                                                                     Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին։

Ըստ իս, այս քառյակում Թումանյանը գրում է Աստծո զորության և մարդու խեղճության մասին։ Ինչպես են Աստծուն պաշտող մարդիկ փակել Նրան տաճարների մեջ։ Բայց նա անշուշտ ժպտում է ամենուրեք ամենքին։

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,                                                                                       Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.                                                                                    Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…                                                                                        Ա՜խ, թե նորից գըտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն…

Որտեղի՞ց ենք մենք գալիս և ու՞ր ենք շտապում ու գնում։ Խոսքս ծնունդի և մահվան մասին է, իմ կարծիքով, Թումանյանն էլ գրել է հենց դրա մասին։ Դրախտի հեքիաթական պալատներում սպասում են նրա հոգուն, որը գնացել է և իջել երկիր։ Իսկ հիմա նա ման է գալիս ճանապարհը դեպի տուն, դեպի հետ՝ երկինք։

Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,                                                                                        Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.                                                                                          Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,                                                                                             Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

Աշխարհը ծնել է հանճարների, կոմպոզիտորների, երգահանների, նկարիչների, քանդակագործների, բանաստեղծների, պոետների․․․։ Կան մարդիկ, որոնց անունը լսելիս կամ կյանքը կարդալիս, ակամայից մտածում ես, որ նրանք հանճարներ են։ Կան այնպիսի հանճարներ, որոնց աշխատանքները ուղղակի անմահ են։ Ի՞նչ կապ ունի իմ ասածը Թումանյանի քառյակի հետ. շատ ուղղակի։ Ո՞վ է կնքում, թե ով պետք է լինենք մենք և ինչպիսին։ Թումանյանը, ես համարում եմ, գրում է հենց դրա մասին, Աստված է կնքում և որոշում, թե ով ու ինչպիսին պետք է լինենք մենք այս աշխարհում։

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.                                                                                    Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,                                                                                         Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,                                                                                              Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

Ըստ իս, հեղինակը այս անգամ ևս գրում է կյանքի, աշխարհի մասին։ Մարդը իր գործերով կարող է ապրել դարեդար, աշխարհ գա հիմա, կամ դարեր առաջ, հազար ձևեր փոխի, սակայն հոգին մնա նույնը, ձևը մի խաղ է տիեզերքի մեծ հոգու հետ, հենց սրա մասին է գրում Թումանայնը, իմ կարծիքով։

Այս հինգ քառյակների ընդհանուրը Աստված է։ Նրա սերը, զորությունը, մեր աշխարհ գալը, ստեղծել մեզ այնպիսին, ինչպիսին կանք։ Այն, ինչի մասին գրել է Թումանյանը, շատերս ենք զգացել և մտածել, սակայն ոչ բոլորը կարող են գրել այս ամենի մասին այնպես, ինչպես որ գրել է նա։ Իսկապես Թումանյանի քառյակները մեղմ են, քնքուշ, խորիմաստ, «Քառյակը պոեզիայի մինիատյուրն է, նուրբ ճաշակի բան։ Քառյակները պետք է կարդալ հանգիստ ու ծանր, և ամեն մարդ չի կարող հասկանալ, գնահատել։ Մարդիկ կան, որ քառյակները ոտանավորի նման են կարդում. պարզ տեսնում ես, որ չի հասկանում թե ինչ բան է քառյակը»։

Оставьте комментарий